ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում է Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ 8-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում.
տրանսպորտային միջոց.
10 իրավաբանական անձանցում մասնակցություն.
957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Մխիթար Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հիշեցնենք, որ Զաքարյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2022 թվականի հոկտեմբերի 4–ին Մխիթար Զաքարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Իսկ մինչ այդ` 2016-2021թթ., Մեղրիի քաղաքապետն էր։