ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին։
«Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են դրան... Նրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է մեր կողմից B-2 ռմբակոծիչներով հասցված հարվածների պատճառով», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում Washington Post-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեցերկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: