Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում՝ հակամարտությանը վերջ տալու համար. ԶԼՄ

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը լուրջ է տրամադրված բանակցությունների հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում, քանի որ ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։
«Կարծում եմ՝ նա նոր զիջումների կգնա... Թրամփը լուրջ է վերաբերվում բանակցություններին և շատ է ցանկանում, որ դա ավարտվի, սակայն իրանցիները դեռ հրաժարվում են նրան տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է դեմքը պահպանելու և (հակամարտությունից - խմբ.) դուրս գալու համար», – ասել է աղբյուրը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեցերկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: