Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ–ն շարունակի ծովային շրջափակումը. ԱԳՆ

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը պահպանվում է՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը, և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ գործարքը 100 տոկոսով չի իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն շարունակի ծովային շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ քայլերի մասին է խոսքը։
«Եթե ծովային շրջափակումը շարունակվի, Իրանն ի պատասխան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, դրանում ոչ մի կասկած չկա»,-ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում։
«Tasnim» գործակալությունն իր հերթին նշում է, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ծովային շրջափակումն անվանել է հրադադարի ռեժիմի խախտում։
Հիշեցնենք` ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։
Այսօր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանեց «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։