«Հերի՛ք է». ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին

Իրանի արտգործնախարարը Լիբանանում հրադադարի կապակցությամբ ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր առևտրային նավերը հրադադարի ընթացքում կարող են անցնել Հորմուզի նեղուցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արգելել է Իսրայելին հարվածներ հասցնել Լիբանանին, և դա այլևս չի կրկնվի։
«Իսրայելն այլևս չի ռմբակոծելու Լիբանանը։ ԱՄՆ-ն արգելել է։ Այնպես որ հերի՛ք է»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։
Հիշեցնենք` ապրիլի 16-ին Թրամփը հայտարարեց, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։
Այսօր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանեց «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։