ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արևմտյան երկրների ներկայացուցիչները պետք է հենվեն նացիստների հանցագործությունների, այդ թվում` խորհրդային ժողովրդի ցեղասպանության ստուգված փաստերի և պատմական տվյալների վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Լենինգրադի քաղաքացիական բնակչության ոչնչացումը իրականացվել է սովամահության մատնելու նպատակով իրականացված շրջափակման, ինչպես նաև ռմբակոծության և հրետակոծությունների միջոցով։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս գործողությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության գնդակոծումները, նա համարում է նացիստական գաղափարախոսության շարունակություն։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պարբերաբար ներկայացնում է ռազմական հանցագործությունների մասին վկայող փաստեր: Մասնավորապես հիշեցրել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման մասին, որով նացիստական Գերմանիայի և նրա հանցակիցների կողմից 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ն իրականացված Լենինգրադի շրջափակումը ճանաչվել է մարդկության դեմ ռազմական հանցագործություն և Խորհրդային Միության բնակչության ցեղասպանություն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ներառյալ՝ ԱՊՀ և ՀԱՊԿ փաստաթղթերում համապատասխան ձևակերպումների ամրագրման միջոցով: Ապրիլի 19-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, մեկնարկել է «Առանց վաղեմության ժամկետի» տեղեկատվական արշավը: Այդ օրը նախատեսվում է նաև հրապարակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձը:
Զախարովան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի համաձայն՝ ցեղասպանություն համարվում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացմանն ուղղված գործողությունները: Նա պնդել է, որ Խորհրդային Միության օկուպացված տարածքներում նացիստները և նրանց հանցակիցները կատարել են միջազգային դասակարգմամբ սահմանված ցեղասպանության բոլոր ձևերը:
Ամփոփելով՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պատմական փաստերի վերանայման փորձերով անտեսվում են փաստագրական ապացույցները, որոնք մատնանշում են օկուպացված տարածքներում բնակչության ոչնչացման նացիստական քաղաքականության համակարգային բնույթը: