Պակիստանը 2025-ին կարող էր միջուկային հարված հասցնել Իսրայելին․ Իրանի առաջնորդի խորհրդական

Բացի Իսլամաբադից, արաբական շատ երկրներ ևս անցյալ տարի աջակցություն էին հայտնել Իրանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի –Sputnik. 2025թ–ին Պակիստանը հնարավոր է համարել միջուկային պատասխանի տարբերակը, եթե Իսրայելը միջուկային զենք օգտագործեր Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
Խոսքը իրանա-իսրայելական 12-օրյա էսկալացիայի ժամանակահատվածի մասին է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարի խոսքով՝ 2025 թվականի հունիսին, Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների ֆոնին, Իսլամաբադն ազդանշան էր փոխանցել այն մասին, որ պատրաստ է էսկալացիայի դեպքում միջուկային հարվածով պատասխանել Իսրայելին։
Նա նաև նշել է, որ այդ ընթացքում արաբական մի շարք երկրներ աջակցություն էին հայտնել Թեհրանին:
Հիշեցնենք` Իսրայելը 2025-ի հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: