Կուսակցական համագումարների «շքերթ» է սպասվում առաջիկա օրերին. ԶԼՄ

ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի -- Sputnik. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Դրանք կամ առնվազն դրանց առաջին երեք տասնյակը հաստատում է կուսակցության համագումարը, գրում է «Փաստը»:
Վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել:
«Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին»,-գրում է պարբերականը:
Հավելենք, որ ապրիլի 15-ի դրությամբ ԿԸՀ փաստաթղթերը ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրությունների առաջադրման ժամկետը ապրիլի 13–23-ն է։