ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ Եթե մինչ օրս Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը «հակաադրբեջանական» էր, ապա առաջիկայում 2 տարով Հայաստան գործուղվող Եվրոպական քաղաքացիական առաքելությունը լինելու է «հակառուսական»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Ըստ ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունների` Եվրամիության երկրների դեսպաններն ապրիլի 15–ին Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում, որն առաջիկայում կհաստատվի ԵՄ արտգործնախարարների նիստում։ Այդ քաղաքացիական առաքելությունը պետք է «ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին»։
Մաթևոսյանի խոսքով` այդ նոր առաքելության իրական խնդիրներն ու նպատակները պետք է մանրակրկիտ դիտարկել։ Առաքելությունը փաստացի գալու է փոխարինելու դիտորդական առաքելությանը։ Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ Բաքուն քննադատում էր իր սահմանի մոտ եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու որոշումը։ Ի վերջո Ադրբեջանը հասավ նրան, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ համատեղ սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվի։ Հիմա նոր առաքելություն գործուղելով Հայաստան` Բրյուսելն ընդգծում է՝ դրա նպատակն է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։
«ԵՄ նոր առաքելությունը փաստացի 2 տարվա մանդատ է ունենալու և ըստ էության փոխարինելու է Հայաստան–Ադրբեջան սահմանին մոնիտորինգ իրականացնող ԵՄ դիտորդական առաքելությանը, քանի որ Ադրբեջանը դեմ է դրան։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի այս պահանջը ևս կյանքի կոչեց։ Այդ խմբի հիմնական նպատակը լինելու է այսպես կոչված հիբրիդային հարձակումների դեմ պայքարը, որն արդեն իսկ հստակ թիրախային ձևակերպում է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այսինքն` եթե ԵՄ դիտորդական առաքելությունը ֆորմալ առումով «հակաադրբեջանական» էր, ապա այս առաքելությունը հստակ «հակառուսական» է»,–ասաց Մաթևոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է` ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ԵՄ նոր առաքելություն ընդունելով, դրան զուգահեռ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողով և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով անցկացնելով կկարողանա նախընտրական փուլում հրամցնել քաղաքացիներին, որ իր քայլերն էֆեկտիվ են, սակայն աշխարհաքաղաքական առումով կատարվողը ինքնասպանություն է Հայաստանի համար։
Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանի Պետդուման ապրիլի 14-ին ընդունեց մի օրենք, ըստ որի` ռուսական բանակն ունի լիազորություններ արտերկրում պաշտպանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին այնպես, ինչպես դա արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան օրենքով։ Որպես օրենքի հիմնավորում բերվել է Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հոկեյիստ Մաքսիմ Սերգեևի դեմ իրականացված քայլը, որը 2023 թվականին ձերբակալվել էր Լեհաստանում լրտեսության մեղադրանքով։
Քաղաքագետը մտավախություն ունի, որ նման օրենսդրական փոփոխությունը զգալիորեն մեծացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև բախման հավանականությունը, իսկ Հայաստանը որոշել է ԵՄ ճամբարին միանալ ամենավտանգավոր պահին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ՆԱՏՕ–ն վտանգավոր է Ռուսաստանի համար միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների առկայության պայմաններում, նաև խոսում է այն մասին, որ ամերիկացիները կա՛մ կդադարեն ՆԱՏՕ–ի անդամակցությունը, կա՛մ կվերանայեն այդ անդամակցությունը։ Եվրամիությունը վերածվել է միակ կառույցի, որը ՆԱՏՕ–ի փլուզման պարագայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների` ուկրաինական ճգնաժամից դուրս գալու պարագայում վերածվելու է այն կառույցի, որը ֆինանսավորում է Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմը։ Մենք էլ առանց երկար մտածելու այստեղ ԵՄ առաքելության նոր խումբ ենք բերում, ՔՊ նախընտրական ծրագրում արձանագրում ենք` ուղղությունը դեպի Եվրամիություն, արդյոք չե՞նք հասկանում՝ սա Հայաստանի համար ինչ ռիսկեր է պարունակում»,– ասաց քաղաքագետը։
Նա հռետորական հարց բարձրացրեց, թե հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու քաղաքական ուժերն այս ամեն ինչին ճիշտ գնահատական տան։
«Հայաստանի քաղաքական դաշտից համապատասխան գնահատական, արձագանք չկա, մարդիկ ընդհանրապես հասկանո՞ւմ են, ինչ արհավիրք է Հայաստանին մոտենում, դրա մասշտաբները, հետևանքները պատկերացնո՞ւմ են։ Եթե որոշ մարդիկ կարծում են, որ իրենք չպետք է Եվրամիության հետ հակադրության մեջ մտնեն իրենց վիզաները չկորցնելու համար, ապա, չգիտեմ, մեկնաբանելու բան չի մնում։ Հետխորհրդային երկրների դառը փորձով մենք տեսել ենք, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Այս քար լռությունը, գնահատականների բացակայությունը ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել»,– ասաց Մաթևոսյանը։
Ավելի վաղ «Աբովյան Time»-ի եթերում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին, հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են, իսկ դրանից դուրս գալու ճանապարհները ենթադրում են կտրուկ ընտրություն՝ Մոլդովայի օրինակով թշնամացումից մինչև վրացական մոդելի սառը գործընկերություն։