Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Հարվածներ են հասցվել նաև զրահատեխնիկայի կայանատեղիներին և ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրների փորձարկման վայրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի բանակը հատուցման զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության այն օբյեկտներին, որոնք ներգրավված են թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Մեկ օրվա ընթացքում, ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա ահաբեկչական հարձակումների, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերի և հարվածային անօդաչուների կիրառմամբ՝ թևավոր հրթիռների, մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության մեջ ներգրավված պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Հարվածի նպատակները ձեռք են բերվել, բոլոր նախանշված թիրախները խոցվել են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի զինված ուժերը նաև հարվածել են Ուկրաինայում գտնվող կոնտեյներային տերմինալին, ինչպես նաև զրահատեխնիկայի կայանատեղիներին և ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրների փորձարկման վայրերին։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։