ԱՄՆ–ն պատրաստ է վերահսկողության տակ առնել Իրանի ծովային շրջափակումը խախտած նավերը

ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են նաև նախազգուշական կրակ բացել շրջափակումը խախտող նավերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է միջոցների լայն շրջանակ կիրառել այն նավերի նկատմամբ, որոնք փորձում են խախտել իրանական նավահանգիստների շրջափակումը` ընդհուպ մինչև կալանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ցանկացած նավ, որը կփորձի ճեղքել շրջափակումը, կստիպի մեր նավաստիներին նախապես ծրագրված օպերատիվ-մարտավարական միջոցառումներ անցկացնել և անհրաժեշտության դեպքում վերահսկողության տակ առնել այն»,– ասել է Քեյնը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են նաև նախազգուշական կրակ բացել շրջափակումը խախտող նավերի ուղղությամբ:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին: Իրանի իշխանությունները վճար կիրառելու մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։