Թուրքիայում երկու հույն է ձերբակալվել Այա Սոֆիայում բյուզանդական դրոշ ցուցադրելու համար

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ Ավագ հինգշաբթի օրը։
Sputnik
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու հույն զբոսաշրջիկի, որոնք Ստամբուլում՝ Այա Սոֆիայ տաճարում, բյուզանդական խորհրդանիշներով դրոշ են պարզել։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ Ավագ հինգշաբթի օրը։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ զբոսաշրջիկները հինգ հոգանոց խմբի կազմում մուտք են գործել Այա Սոֆիա, անցել անվտանգության ստուգումը և բարձրացել են այցելուների համար բաց ցուցասրահը։
Վերևի հարկում նրանցից մեկը հանել է երկգլխանի արծվի պատկերով և «Ուղղափառություն կամ մահ» գրությամբ դրոշը։ Այնուհետև նա դրոշը փոխանցել է մեկ այլ զբոսաշրջիկի։ Այդ պահին միջամտել են անվտանգության ծառայության աշխատակիցները։
Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Մազիս Մայքլին և 42-ամյա Կոնստանտինա Մազիիին։ Նրանց տեղափոխել են Ստամբուլի արդարադատության պալատ, այնուհետև ուղարկել են բանտ։
Հիշեցնենք` Սուրբ Սոֆիայի ուղղափառ տաճարը կառուցվել է 532-537 թվականներին՝ Հուստինիանոս I կայսեր հրամանով։ 1453 թ․-ին, օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո, տաճարը վերածվել է մզկիթի։ Այդ ժամանակահատվածում Այա Սոֆիային կից կառուցվել են մինարեթներ, իսկ ինտերիերը համալրվել է իսլամական մշակույթի տարրերով։ 1935 թվականին տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել է թանգարանի կարգավիճակ։ 2020 թվականին տաճարը նորից դարձել է մզկիթ։
Նշենք նաև, որ 1985 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։