Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք. Փաշինյան

Վարչապետի 1,5 ժամ ելույթ ունեցավ` հայտարարելով, որ պատգամավորները կարող են գնալ ընդմիջման, իսկ ինքը կշարունակի շփվել մարդկանց հետ` ներկայացնելով իր ամբողջ ելույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանդեսին կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի` 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Նա նախ հայտարարեց, որ սպառազինության թեմային շատ չի ուզում անդրադառնալ, քանի որ գաղտնիության պահ կա, սակայն հետո հիշեց, որ միջազգային մամուլում շրջանառվել է, թե Հայաստանն ինչ է ձեռք բերել։
«Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել միայն 2022 թվականից հետո, ինչպես նաև արտադրել։ Հիշեցնեմ, որ նախորդ 3 տարվա ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար 170 մլրդ դրամի պատվեր ենք արել։ Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք, իսկ այն, ինչ ուզում ենք, որ մարդիկ չտեսնեն, կնայեն, կնայեն ու չեն տեսնի։ Հույս ունենք, որ սպառազինության առումով այսքանով հարցերը կփակվեն»,– հայտարարեց Փաշինյանը։
Ի դեպ, այսօր վարչապետի ելույթը տևեց 1.5 ժամ, նա հայտարարեց, որ պատգամավորները կարող են գնալ ընդմիջման, իսկ ինքը կշարունակի շփվել մարդկանց հետ` ներկայացնելով իր ամբողջ ելույթը։ Արդյունքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշեց ընդմիջում չհայտարարել, ու Փաշինյանը շարունակեց իր ելույթը։
Ամբողջ ընթացքում ընդդիմությունը դահլիճում չէր, և Փաշինյանը ելույթ էր ունենում միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար։
Հիշեցնենք` 2025 թվականին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է ոչ թե քաղաքացիների առանձին խմբերի, այլ հրապարակային բոլորին ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սպառազինություն է ձեռք բերել։