Պապոյանը չի ժխտում, որ ՀՀ–ում պարարտանյութը թանկացել է. որոշել են աջակցել գյուղացիներին

Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիներին` ձեռքբերել պարարտանյութ, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկացել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ այս շաբաթ կառավարության նիստին կընդունեն աջակցության որոշումը։
«Աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված` ամբողջ աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում և Հայաստանում, պարարտանյութերի գները զգալի թանկացել են։ Դա նաև մեր շուկայում է արձանագրվել, ու մեր քաղաքացիներն այդ մասին գիտեն»,– ասաց նախարարը։
Պապոյանը հիշեցրեց, որ 2022–23 թթ. նմանատիպ իրավիճակ էլի եղել է, ու կառավարությունը կրկին աջակցել է գյուղացիներին և այս տարի գործադիր մարմինը կկիրառի այդ տարիների աջակցության մեխանիզմը։
Ըստ նրա` մեխանիզմը հետևյալն է` պարարտանյութի` 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ յուրաքանչյուր 50 կգ համար` հաշվի առնելով իր ֆինանսական սահմանափակումները։
Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։