Կեղծ օրակարգ է. սահմանադրագետը` արդարադատության որակը Սահմանադրության հետ կապելու մասին

Սահմանադրագետի կարծիքով` եթե Հայաստանի իշխանությունները ցանկանային բարձրացնել արդարադատության համակարգի արդյունավետությունը, չէին օգտվի այն դատավորների ծառայություններից, որոնք նախկինում սպասարկում էին այն ժամանակվա ղեկավարության շահերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Նորմալ դատական համակարգ ստեղծելու համար Սահմանադրությունը խոչընդոտ չէ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում դատական համակարգը օրգանական կապ չունի իշխանության գլխավոր աղբյուրի՝ ժողովրդի հետ, և այդ խնդիրը կարող է լուծվել նոր Սահմանադրության ընդունմամբ:
Ինչ վերաբերում է օրգանական կապին, ապա Այվազյանի խոսքով՝ ժողովուրդն է որպես իշխանության, ինքնիշխանության բարձրագույն կրող ընդունում Սահմանադրությունը։ Այս փաստաթուղթն իրավական համակարգում ամենածանրակշիռն է։
«Սակայն դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է համապարփակ պատկերացումներ և գիտելիքներ ունենա Սահմանադրության վերաբերյալ, վստահի դրան կամ ոչ... Ժողովուրդն օբյեկտիվորեն չի կարող գնահատել այդ փաստաթղթի որակը», — ասաց Այվազյանը:
Սահմանադրության նկատմամբ վստահությունը կախված է հեղինակներից՝ թե ինչ արժեքների են նրանք դավանում և ինչ պատասխանատվություն են կրում սերունդների առաջ։
Ներկայիս հանձնաժողովը, որը մշակում է Սահմանադրությունը, ըստ Այվազյանի` մասնագիտական առումով բացարձակապես կապ չունի մայր օրենքի հետ։
«Հետևաբար, բացառվում է իրական, հիմնավորված և արդյունավետ պրոդուկտ մշակելու հնարավորությունը։ Իրական Սահմանադրություն ունենալու համար դրա ստեղծման բուն գործընթացին չպետք է մասնակցեն քաղաքական ուժերը, առավել ևս՝ իշխանությունները», — ընդգծեց փորձագետը։
Փաշինյանը պատրաստ է 2 հանրաքվե անել, որպեսզի ՀՀ Սահմանադրությունը փոխվի
Սահմանադրությամբ, ըստ նրա, պետք է զբաղվեն ակադեմիական գիտելիքներ ունեցող մասնագետներ։
Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ անվստահությանը, ապա, Այվազյանի կարծիքով, չնայած ոչ ամենալավ Սահմանադրության առկայությանը՝ կան բարձր իդեալներ, արժեհամակարգ և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող դատավորներ:
«Այս դեպքում Սահմանադրությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նորմալ դատական համակարգի համար։ Բայց եթե նույնիսկ «կախարդական փայտիկի» օգնությամբ իդեալական Սահմանադրություն ընդունենք, իսկ դատական համակարգում շարունակեն գործել որոշ կադրեր, ապա ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա։ Ուրեմն, արդարադատության որակը և մնացած ամեն ինչ բացառապես Սահմանադրության հետ կապելը կեղծ օրակարգ է», - նշեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց` կարելի է ասել, որ օրվա իշխանություններն այս հարցում նախկին ղեկավարության իրավահաջորդներն են. դատավորները, որոնք իրենց ապօրինի, անարդար որոշումներով սպասարկել են նախկին իշխանությունների շահերը, շարունակում են նույնն անել նաև ներկայում:
Այվազյանի խոսքով` ըստ էության` 2018-ին տեղի ունեցավ ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն. իշխանական համակարգը մնացել է նույնը, փոխվել են միայն անձերը։
«Որպեսզի դատական իշխանության մեջ համակարգային փոփոխություններ լինեն, արմատական փոփոխություն է պետք և՛ այսօրվա իշխանության, և՛ նրան սպասարկող ընդդիմության համար։ Խոսքը խորհրդարանական ընդդիմության և մի շարք այլ ուժերի մասին է։ Առանց դրա ոչ մի Սահմանադրություն չի կարող լավարկել դատական համակարգը»,–եզրափակեց Այվազյանը։
ՀՀ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է. Փաշինյան
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատավորների պաշտոնում պետք է նշանակվեն համապատասխան գիտելիքներով, փորձով և բարոյական բարձր որակներով մարդիկ, այլ ոչ թե նրանք, ովքեր գիտական աստիճաններ են ստացել զարտուղի ճանապարհներով և երդվել են անվերապահորեն ծառայել նրանց, ովքեր իրենց նշանակել են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։