ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցությունների երկրորդ փուլում դրական արդյունք է ակնկալելու, հակառակ դեպքում՝ սրացումը կարող է սարսափելի իրադարձությունների հասցնել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱՀԾ–ի և Բելառուսի ՊԱԿ-ի կոլեգիաների համատեղ նիստից հետո։
«Իսլամաբադում վաղը պետք է կայանա բանակցությունների երկրորդ փուլը։ Աստիճանական դրական արդյունք ենք ակնկալելու, այլապես սրացումը կարող է հասնել գագաթնակետին և ամենասարսափելի իրադարձությունների հանգեցնել։ Աշխարհը պետք է խուսափի դրանից»,– ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցությունների անցկացման վայր։
«ՌԴ–ն բազմիցս առաջարկել է իր հնարավորությունները, իր ծառայությունները նաև որպես միջնորդ կամ որպես երկկողմ բանակցությունների անցկացման վայր», – ասել է ԱՀԾ տնօրենը։
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: