ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի - Sputnik. Իրանական հարստացված ուրանը ՌԴ արտահանելու Ռուսաստանի նախաձեռնությունը կարող էր լավ լուծում լինել, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է դրանից։ Այս մասին India Today հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպես, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար:
«Ռուսաստանը պատրաստ էր ընդունել հարստացած ուրանը։ Դա կարող էր լավ որոշում լինել, բայց, ցավոք, ամերիկյան կողմը մերժեց այդ առաջարկը», - հայտարարել է նա։
Պեսկովի խոսքով՝ տվյալ նախաձեռնությունն այժմ չի քննարկվում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ դրան:
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: