ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է նոր կորուստների հանգեցնել ամերիկացի զինծառայողների շրջանում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի վերլուծական նյութում։
«Նեղուցի շրջափակման ապահովումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն պետք է ռազմական զգալի ռեսուրսներ ներգրավի, ինչը կվտանգի ամերիկացի զինվորականներին, քանի որ մինչև հիմա ԱՄՆ-ն Իրանի դեմ հարձակումների մեծ մասը հիմնականում իրականացրել է օդից։ Հաշվի առնելով, որ Իրանն արդեն խոստացել է ԱԹՍ–ներով և մոտորանավակներով հարձակվել ամերիկյան նավերի վրա` զոհված ամերիկացի զինվորականների թվի ավելացման ռիսկ կա»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ը ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: