Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին. Արայիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը բացատրել է, թե ինչու է ուզում` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցված ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։
Լրագրողը հարց ուղղեց Հարությունյանին, թե արդյոք ցանկանում է պաշտոնից հեռացնել Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա որոշել է վերադառնալ քաղաքական դաշտ, Հարությունյանն էլ արձագանքեց, որ այս ամենը դրանով պայմանավորված չէ։
Նրա խոսքով` որոշ ժամանակ առաջ Ծանրամարտի ֆեդերացիան օրակարգ է ստացել ՀԱՕԿ ասամբլեայիից, որի բովանդակության մեջ այլ հարցերի շրջանակում գրված է եղել «ընտրություններ»` առանց այլ բացատրության։
«Ուզում էինք հասկանանլ, թե այդ ինչ ընտրություն է։ Մի քանի անգամ դիմեցինք ՀԱՕԿ–ին, մինչև որ պարզեցինք։ ՀԱՕԿ–ը լուրջ կառույց է և անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացներն անցնեն պատշաճ մակարդակով։ Ուսումնասիրեցինք ավելի լուրջ գործընթացները, ներկայացրինք խնդիրները։ Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ։ Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս հավակնելու այդ պաշտոնին»,–ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական այս թեժ փուլում փորձ է արվել որոշակի հնարքներով անցկացնել ՀԱՕԿ նախագահի ընտրությունները, ինչը կանխվել է։
Լրագրողի դիտարկմանը, թե 70 տարեկանն ի՞նչ տարիք է, չէ՞ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ թոշակառուների աշխատանքը պետք է խրախուսել, Հարությունյանը կոշտ արձագանքեց, թե լրագրողի հեգնանքը տեղին կլիներ, եթե այդ տարիքն ամրագրված չլիներ ՀԱՕԿ կանոնադրության մեջ։
Վարչապետի 3-4 թեկնածու կա, գործող իշխանության հետ համագործակցելը բացառում ենք․ Ծառուկյան