ԱՄՆ–ի և Իրանի բանակցությունները կշարունակվեն Պակիստանում. ԶԼՄ–ները ժամկետ են նշում

Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը։
«Իսլամաբադը, հավանաբար, կհյուրընկալի իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը հաջորդ շաբաթվա վերջին», – հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Նրանք նշել են, որ Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։
Ըստ աղբյուրների` ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակության կազմում` խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: