Ինչպե՞ս է ՊԵԿ–ը լուծելու որոշ խանութներում կանխիկ–անկանխիկ գնային տարբերության հարցը

ՊԵԿ նախագահը կարծում է, որ գնորդը ևս սոցիալական պատասխանատվություն պետք է ունենա և մերժի վաճառողի առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ իշխանությունը որոշ խանութներում կանխիկ–անկանխիկ առևտրի գնային տարբերությունների հարցը փորձելու է լուծել վարչարարական կոնկրետ գործիքակազմով։ Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։
Պատգամավորը հայտնեց` քաղաքացիներից դժգոհություններ է ստացել, որ այս կամ այն խանութ գնորդին երկու գին են առաջարկում` կանխիկով և անկանխիկով, կանխիկ առևտրի դեպքում գինն ավելի ցածր է առաջարկվում։
«Կա՛մ սա փափուկ ձևով հավելագրում է քաղաքացուց, կա՛մ որոշ տնտեսվարողների կողմից բոյկոտ է պետության քաղաքականության դեմ։ Կարծես թե ՊԵԿ–ի գործիքակազմը բավարար արդյունք չի ապահովում այս առումով»,– հայտարարեց Ստեփանյանը` հետաքրքրվելով, թե կոմիտեն այս ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում։
ՊԵԿ նախագահը համամիտ չէ, որ իրենց գործողություններն արդյունավետ չեն եղել։
«Խնդիրը համատարած բնույթ չի կրում, այլ միայն վերաբերում է տեխնիկայի խանութներին։ Մեր գործողությունների արդյունքում տեխնիկայի կայքերում կամ հենց խանութներում այլևս չեք գտնի կամ շատ հազվադեպ կտեսնեք, որ կանխիկ–անկանխիկ գնային տարբերություն լինի»,– նշեց Հակոբյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով` այս դեպքում նաև առաջ է գալիս գնորդի սոցիալական պատասխանատվության հարցը. երբ վաճառողն առաջարկում է գնային նման տարբերություն, գնորդը պետք է հրաժարվի այդ առաջարկից, այլապես դա կհամարվի ստվերային վաճառք։
Հակոբյանը նշեց, որ հաճախ կանխիկ–անկանխիկի գնային տարբերությունը շփոթում են ապառիկ վաճառքի հետ, որի դեպքում գինն ավելի բարձր է լինում, քանի որ ներառում է նաև բանկային ծախսերը։
ՔՊ–ական պատգամավոր Ստեփանյանը վստահեցրեց, որ շատ լավ տարբերում է ապառիկ վաճառքը կանխիկ–անկանխիկի գնային տարբերությունից, և խոսքն այս դեպքում ապառիկի մասին չէ և, բացի տեխնիկայի խանութներից, վերաբերում է նաև շինանյութի վաճառքի մեծ կետերին։
ՊԵԿ նախագահն ընդգծեց` խնդրի լուծման ուղղությամբ վարչարարության բարելավում են անում, որպեսզի նմանատիպ տնտեսվարողներին բերեն կարգապահության դաշտ։
Խելացի սահմանների կառավարում․ ի՞նչ թվային ծրագրեր ունի ՊԵԿ-ը