Սպանվածը գյուղի ատամնաբույժն էր. Մրգաշենի ղեկավարը որոշ մանրամասներ է պատմել

Դեպքի պահին տանը եղել է Արթուր Ավագյանի կինը, որը շոկի մեջ է և միայն կցկտուր բաներ է կարողացել պատմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այսօր դանակահարված 52–ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժն էր։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Մրգաշենի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ այսօր` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։
Վարչական շրջանի ղեկավարը պատմել է, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։
«Այդ պահին կինն է տանը եղել։ Կնոջ վիճակը հիմա շատ ծանր է, շոկի մեջ է, կցկտուր բաներ է պատմում` մեկ ասում է՝ զանգեցին, դուրս եկավ, մեկ` կանչեցին, դուրս եկավ։ Արթուրը դուրս է եկել, 10 րոպե հետո բակի շունը նրա ոտնամանը ներս է տարել, ընտանիքը հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս են եկել, տեսել են` բակում ընկած է»,– պատմել է Հարությունյանը` նշելով, որ այլ մանրամասներ չգիտի, մնացած հանգամանքներով քննչական մարմիններն են զբաղվում։
Հարությունյանի խոսքով` շտապօգնության բժիշկները փորձել են ատամնաբույժի կյանքը փրկել, սակայն չի հաջողվել։
«Արթուրը երբեք որևիցե մեկի հետ խնդիր չի ունեցել։ Օգնող, հասնող տղա էր` պարկեշտ, աշխատասեր»,– ասել է վարչական ղեկավարը։
Նա բացառել է թշնամանքը։