ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հրամանատարությունը խոստացել էր ապրիլի 13-ի ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով) սկսել իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը: Միաժամանակ նշվում էր, որ խոսքը ինչպես Պարսից ծոցի, այնպես էլ Օմանի ծոցի նավահանգիստների մասին է, որոնք միմյանց հետ կապվում են Հորմուզի նեղուցով:
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: