Օրբանը կմնա՞, թե՞ կգնա․ Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս հայտարարել է, որ Կիևը փորձում է միջամտել նախընտրական քարոզարշավին՝ ընդդիմադիր ուժերին իշխանության բերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հունգարիայում վաղ առավոտից՝ տեղական ժամանակով 6:00-ին (Երևանի ժամանակով- 4։00-ին, խմբ․) բացվել են ընտրատեղամասերն, ու մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցության (կոալիցիոն գործընկեր՝ «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն»- խմբ․) և Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» քաղաքական ուժի միջև է։
Հունգարիայի բնակիչներն ընտրում են 199 պատգամավորի։ Քվեարկելու իրավունք ունեն ավելի քան ութ միլիոն քաղաքացիներ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Խորհրդարան անցնելու համար պետք է կուսակցությունը ստանա ընդհանուր ձայների առնվազն 5 տոկոսը։

Ընտրությունները «թեժ» են լինելու. մի կողմից Օրբանն է, որի գլխավորած կառավարությունը փետրվարին արգելափակել էր ԵՄ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը: Դա տեղի է ունեցել ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։ Բուդապեշտը դա քաղաքական շանտաժ է համարել ընտրություններից առաջ:

Մյուս կողմից նրա գլխավոր մրցակցի՝ Մադյարի արևմտյան կողմնորոշումն է, որն ուղղված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը։
Պաշտոնական Բուդապեշտը բազմիցս կրկնել է, որ Կիևը ակտիվորեն միջամտում է նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության բերի ընդդիմադիր ուժերին՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Մադյարի գլխավորությամբ, որը հավանություն կտա Ուկրաինայի ֆինանսավորմանը և նրա արագացված անդամակցությանը Եվրամիությանը:
Ընտրություններին մասնակցում են նաև ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» կուսակցությունը, ձախակողմյան «Ժողովրդավարական կոալիցիան» և երգիծական «Երկպոչանի շան կուսակցությունը»։