ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայկական խաղողագործությունը խթանելու համար կառավարությունը կարող է արգելել դրսից անորակ խաղողի կամ չափորոշիչներին չհամապատասխանող կոնյակի սպիրտի ներմուծումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը` արձագանքելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։
Կառավարության ապրիլի 9-ի նիստում նախարարը հայտարարել էր, որ ՀՀ–ում կան կոնյակ արտադրող տնտեսվարողներ, որոնք խաղող չեն մթերում։ Նա շատ տարօրինակ էր համարել դա` արտահանվող կոնյակի որակը բարձրացնելու համար կարևորելով լաբորատոր կարողությունների հզորացման անհրաժեշտությունը։ Պապոյանի համոզմամբ` դա առաջին հերթին անհրաժեշտ է հենց բարեխիղճ կոնյակագործներին ու խաղողագործներին` իրեց արտադրանքի բարձր որակը փաստաթղթավորելու, նաև «երկրից դուրս առաջացող խնդիրները երկրի ներսում լուծելու» համար։
Արտակ Սարգսյանը դժվարանում է գնահատել` խաղող չմթերող կունյակագործները կոնյակի ինչ սպիրտ են գնում` տեղական արտադրողներից, տեղական հումքից ստացված սպի՞րտ, թե՞ դրսից ներկրված։ Այս տեղեկատվությանը, նրա խոսքով` լիարժեք տիրապետում են հարկային, մաքսային մարմինները, այսինքն` պետությունը։ Եվ խնդրի լուծման բանալին էլ, ըստ նրա, պետության ձեռքում է։
«Եթե Հայաստանում կոնյակագործությամբ է զբաղվում, բայց Հայաստանում աճեցված հայկական սորտի խաղող հայաստանյան խաղողագործից չի գնում, այստեղ պետք է հարկային շեմը բարձրացնեն, մեծ հարկեր սահմանեն, որ մարդը շահագրգռված լինի ոչ թե գունավորված կամ անհայտ ծագմամբ սպիրտ բերել դրսից, այլ տեղական խաղող առնի, խաղողը դարձնի գինանյութ, գինանյութը վերամշակի, սարքի կոնյակի համար պիտանի սպիրտ, էդ սպիրտով էլ կոնյակ արտադրի` իսկական, հայկական ծագումով կոնյակ»,– առաջարկում է խաղողագործների միության նախագահը։
Իսկ եթե կառավարության հայտարարությունները կոնկրետ քայլերի չեն վերածվելու, մեր զրուցակիցն անգամ անիմաստ է համարում դրանց մասին խոսելը։ Կոնյակի շուկայում, նրա դիտարկմամբ, ցանկացած չմտածված քայլ կամ անորակ ապրանք տնտեսվարողին կարող է մի անբողջ բիզնես արժենալ։
«Մարդը, եթե հայկական կոնյակ է արտադրում, «հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ արտահանում է արտերկիր, պարտավոր է հայկական սորտի, Հայաստանում աճեցված խաղողից արտադրի, որ ոչ միայն ինքն իրեն, այլև ապրանքանիշին չվնասի։ Իսկ եթե այլ ձևերով ստեղծում են ինչ-որ խմիչք, պիտակավորում որպես «հայկական կոնյակ», ապա պետք է ոչ միայն շուկայից դուրս մնան, այլև իրենց քայլերի համար պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հայկական կոնյակի անունը, համբավն ու պատիվը չգցեն»,– նշում է Սարգսյանը։
Մեր զրուցակցի տվյալներով` Հայաստանում մթերման սեզոնին տեղական խաղաղագործներից 7-8 ձեռնարկություններ են խաղող գնում։ Նույնիսկ այս պարզ դիտարկմամբ, նրա խոսքով, հնարավոր է հասկանալ, թե ում կարող է վերաբերվել էկոնոմիկայի նախարարի ակնարկը։
Նույն կերպ հարկային տեղեկատվության հիման վրա հնարավոր է պարզել, թե խաղող չմթերող որ ձեռնարկություններն են տեղական արտադրողներից կոնյակի սպիրտ ձեռք բերում, և իրականում ում սերտիֆիկատը չի համապատասխանում «հայկական կոնյակի» չափորոշիչներին։
«Եթե մենք պարզ հաշվարկ կատարենք, մինչև 2024 թ-ը ներառյալ ինչքան կոնյակ որ արտահանվել է, դրանից 2-2․5 անգամ ավել խաղողի բերք պետք է մթերված լիներ, որ բավարարեր այդ արտադրական ծավալին։ Սա` ամենակոպիտ հաշվարկներով։ Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ կոնյակը նախ հնեցվում է, իսկ հնեցման ամենակարճ տևողությունը 3 տարի է։ Այսինքն` 2024 թ․-ին մթերված խաղողը 2027-ին նոր կիրացվի։ Առնվազն 3 տարի հետ պիտի գնանք, որ կարողանանք թվերը համադրել»,– ասում է Արտակ Սարգսյանը։
Հիշեցնենք` 2025թ–ի ամռանը ամռանը խնդիրներ էին առաջացել վրացական տարածքով ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման հետ կապված։ Դրանք լուծելու համար Պապոյանը մեկնել էր Թբիլիսի, որտեղ վրացի գործընկերների հետ քննարկել էր վերահսկողական ընթացակարգերի արագացման հնարավորությունը։ Խնդրի լուծման համար Վրաստանից վերադառնալուց հետո նախարարը խոստացել, որ Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետք է գործարկվի իզոտոպային լաբորատորիա, որտեղ կստուգվի` տվյալ կոնյակը խաղողի՞ց է ստացվել, թե՞ սպիրտից։
Գևորգ Պապոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դեռ 2025–ի սեպտեմբերին խոստացել էր, որ լաբորատորիայի ներդրումից հետո փորձաքննությունները, որոնք այսօր անցկացվում են Վրաստանում, 2026–ի հունվար–փետրվարից արդեն Հայաստանում կանցկացվեն։
Խոստացած ժամկետից անցել է շուրջ 2 ամիս։ Լաբորատորիան դեռ չկա, նախարարը կառավարության նիստում նորից է կրկնում խոստումը, այս անգամ` առանց ժամկետ նշելու։ Փոխարենն արդեն ավելի բացահայտ է հայտարարում կոնյակագործության ոլորտում առկա որակական խնդիրների մասին։