Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3371 զոհերի ինքնությունը

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարձակումների հետևանքով 200-ից ավելի երեխաներ են զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Իրանում նույնականացրել են ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով գրեթե 3400 զոհվածների ինքնությունը։ Այդ մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի դատական բժշկության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին հայտարարել է, որ զոհվածներից 2875-ը տղամարդիկ են, 496-ը՝ կանայք:
Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջարանին հայտնել էր, որ հարձակումների հետևանքով սպանվել են 18 տարին չլրացած՝ 216, 5 տարին չլրացած 17 անձինք։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որսպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։