Ուկրաինական գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՊՆ

Ազատ արձակված զինծառայողներն այս պահին Բելառուսի տարածքում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 11-ին Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձել է 175 զինծառայող, փոխարենը Ռուսաստանն ուկրաինական կողմին է հանձնել 175 ռազմագերի։ Բացի այդ, Ռուսաստան է վերադարձել 7 քաղաքացիական անձ՝ Կուրսկի մարզի բնակիչներ, որոնց ապօրինի պահում էր ուկրաինական կողմը»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանցի զինծառայողներն այս պահին Բելառուսի տարածքում են, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:
Հետագայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության հաստատություններում բուժվելու և վերականգնվելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։