Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

Քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Գաբալա քաղաքում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին հայտնում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։
Երեկ` ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
«Երկու օրվա ընթացքում տեղի ունեցան քննարկումների չորս նիստեր։ Մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ Ադրբեջանցի և հայ փորձագետները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան դիրքորոշումների և տեսլականների շուրջ»,– ասված է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանհաղորդագրությունում։
Նշվում է, որ նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել իրենց երկրների քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Առանձին նիստի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրել են այդ հանդիպումների արդյունքները՝ վեր հանելով իրենց հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները, սպասելիքներն ու տեսակետները։
«Ապրիլի 11-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։ Երկօրյա երկխոսությունն ավարտվեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամփոփվեցին չորրորդ հանդիպման արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել համատեղ ջանքերը խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք, որ հայ քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն 2-րդ անգամ են մեկնում Բաքու։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։