ԱՄՆ փոխնախագահը ժամանել Է Իսլամաբադ` իրանական պատվիրակության հետ բանակցելու

Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի գլխավորությամբ։
Sputnik
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ավելի վաղ Պակիստանի մայրաքաղաքում վայրէջք էր կատարել Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը:
Իրանական «Tasnim»-ը գրում է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն օրվա երկրորդ կեսին։
Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ։ Հիմնական բանակցային թիմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակությանն ուղեկցում են փորձագիտական ​​​​խմբեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։
Ղալիբաֆը սոցցանցի իր էջում «Այս թռիչքի իմ ուղեկիցները» գրությամբ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Հրադադար Լիբանանում և ակտիվների ապասառեցում. Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը