ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Լիբանանում Գազայի հատվածի սցենարի կրկնության ռիսկի մասին՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չպետք է նոր Գազա թույլ տանք Լիբանանում»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Սանչեսի խոսքով՝ Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և հետևողական դիրքորոշում որդեգրի միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված գլոբալ կարգի պաշտպանության հարցում։
Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել՝ կախված իրավիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի 10 կետանոց առաջարկին, և Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում։
Սակայն Իրանը հայտարարեց զինադադարի խախտման մասին՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով, նշելով, որ դա պայմանավորվածության մաս է եղել։ Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարում էր, որ Լիբանանը ներառված չի եղել հրադադարի մասին համաձայնագրում։