Դեպի Հայաստան տարբեր ցիկլոններ են գալու․ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց կանխատեսումները

Ապրիլի 18-ից կրկին ցիկլոն կմոտենա հանրապետությանը և անձրևի տեսքով տեղումներ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ՀՀ ողջ տարածքում ապրիլի 12-13-ին տեղումներ կլինեն, ջերմաստիճանը կնվազի, բայց 15-18-ը կրկին կբարձրանա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Միջերկրական ծովից ներթափանցած բավականին ակտիվ ցիկլոնի գոտում է Հայաստանը գտնվում։ Ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ։ Ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները լինելու են Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում։ Այսօր, ինչպես նաև ապրիլի 12-13-ը զգալի քանակով տեղումներ կլինեն, կուղեկցվեն ամպրոպներով, հանրապետության առանձին հատվածներում նաև քամու ուժգնացումներ կլինեն՝ մինչև 24 մ/վ արագությամբ։ Սրանով պայմանավորված հանրապետության լեռնային հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն է սպասվում»,- ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ ըստ կանխատեսումների` ապրիլի 13-ին և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի։ Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը կսկսի աստիճանաբար դուրս գալ ՀՀ տարածքից։
Ապրիլի 14-17-ը եղանակային պայմանների շրջադարձային փոփոխություն կլինի։ Ապրիլի 15-ից հարավ-արևմուտքից, Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքներ կբերեն իրենց հետ ու օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում կդիտվի։
Ապրիլի 15-18-ը օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին։
Հայաստանում 3 օր հրաշալի գարնանային եղանակ կլինի. Գագիկ Սուրենյան
Ապրիլի 15-18-ն արդեն լեռնային մարզերում մինչև 15 աստիճան տաքություն կգրանցվի, նախալեռնային հատվածներում 18-20 աստիճան, իսկ Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվի 20-22 աստիճան։
Սուրենյանը շեշտեց, որ ապրիլի 18-ից կրկին ցիկլոն կմոտենա հանրապետությանը և անձրևի տեսքով տեղումներ կլինեն։
Նա նաև ընդգծեց, որ հանրապետությունում վերջին 2 օրում բավականին առատ տեղումներ են գրանցվել։ Այդ ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների 50-60 տոկոսի չափով տեղումներ։ Նշեց՝ այսօրվա դրությամբ ձյան ծածկը բավականին բարձր է, ամենաբարձր հատվածում 311 սմ է, ու այս պահին էլ ձյուն է տեղում Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերում։
Մինչ օրս Երևանում և Արարատյան դաշտում նույնիսկ 20 աստիճան տաքություն չի գրանցվել, իսկ անցյալ տարի մարտի կեսերին արդեն իսկ 20-25 աստիճան տաքություն էր գրանցվել։
Հայաստանում 3 օր հրաշալի գարնանային եղանակ կլինի. Գագիկ Սուրենյան