ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Սփյուռքում կան կառույցներ, որոնք գտնում են, որ կարող են այրել ՀՀ կառավարության հետ կամուրջները, այդ ամենը տեսնելով` ՀՀ կառավարությունն էլ պատասխան քայլերի է դիմում։ ՀՀ կառավարությունում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմաթիվ մարդիկ խոսում են սփյուռքի մասին, բայց հավաքական սփյուռքը չեն ներկայացնում` չնայած որ իրենք էլ սփյուռքից են։ Նրա խոսքով` այդ անձինք սփյուռքում ճնշող փոքրամասնություն են, լուսանցքային կազմակերպություններ, և ՀՀ կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։
Սինանյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ընդգծեց, որ իրենք բաց դռների քաղաքականություն են վարում և այդ դուռը միշտ բաց են պահում այն հայրենակիցների առաջ, որոնք կամուրջներ չեն այրում։
«Եթե կարելի է կամուրջներն այրել ՀՀ կառավարության հետ և դա նորմալ համարել, բնական է, որ մենք էլ համապատասխան քայլերին կդիմենք։ Ավելի շուտ` մենք պարզապես կշարունակենք մեր աշխատանքը, իսկ իրենք միշտ խաղից դուրս վիճակում կլինեն»,– ասաց Սինանյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը սահմանափակ ժամանակ ու ռեսուրսներ ունի, ուստի կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք ոչ միայն որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ, այլև ընդհակառակը` առողջ գնահատական են տալիս ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը։