Նեթանյահուն Լիբանանում հարձակումներով փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարը. Politico

Ապրիլի 8-ին Իսրայելի բանակը իրականացրեց Լիբանանի վրա իր ամենամեծ հարձակումը հակամարտության սրման պահից ի վեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է խաթարել Իրանի հետ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման օբյեկտների դեմ հարձակումներով, հայտնում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի խոսքերին։
«Նեթանյահուն, գուցե, փորձում է խաթարել հրադադարը», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության խախտում է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների դադարեցումը ներառված չէր Իրանի հետ հրադադարի համաձայնագրում։
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը, հայտնել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, վիրավորվել է 1165 մարդ։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։