Իսրայելը գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ ԶԼՄ–ի տվյալներով` հարվածները մասնավորապես հասցվել են Բեյրութի Դահիա թաղամասին և Լիտանի գետի վրայով անցնող Ալ Քասամիա կամրջին։
Al-Jazeera հեռուստաալիքը` հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը հայտնում է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, 1165 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ 837-ը։
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածել էր Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանների 8 շրջաններին։
«Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մտադիր է պատասխանել Իսրայելի հարվածներին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։