ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատումից հետո իր առաջին ուղերձում։
«Թեհրանը փոխհատուցում է պահանջելու պատճառված վնասի և նահատակների արյան համար»,–հայտարարել է Խամենեին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է նաև, որ Իրանը «կթևակոխի Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ»։
Նա նաև կոչ է արել երկրի բնակիչներին շարունակել դուրս գալ փողոց՝ իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելու համար, և նշել է, որ որ այդ աջակցությունը կարևոր է նաև մարտական գործողությունների ավարտից հետո։
Խամենեին ասել է, որ Իրանը մտադիր է վրեժխնդիր լինել Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։