ՀՀ–ն պետք է անվտանգության արդյունավետ մեխանիզմներ մշակի ՌԴ–ի հետ․ նախկին արտգործնախարար

Ըստ Արա Այվազյանի՝ երկրի անվտանգությունը պետք է ներառի 3 բաղադրիչ՝ ուժերի հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանը պետք է մշակի արդյունավետ անվտանգության մեխանիզմներ Ռուսաստանի հետ և պահպանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Այս մասին ԲՀԿ-ի համագումարի և«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Երկրի անվտանգությունը պետք է ներառի 3 բաղադրիչ՝ ուժերի հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ։ Եթե «խաղաղություն» բառը չի ամրապնդվում ուժով, ապա դա արժեք չունի։ Առանց ուժերի խախտված հավասարակշռությունը վերականգնելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն անհնար է»,- նշեց Այվազյանը։
Նրա խոսքով՝ որքան շատ են զիջումները, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Դիվանագետը պնդեց՝ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք փակուղի է ձևավորվել. այն պետք է կանխել։
Այվազյանը հակված չէ հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակը երկարաժամկետ խաղաղություն համարել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի ռազմավարական խոցելիությունը պատերազմից հետո չի վերացել, և գնալով ավելի հաճախ երկրի անվտանգության հետ կապված որոշումները կայացվում են նրա սահմաններից դուրս։ Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է, իսկ պաշտպանական նոր մեխանիզմներ դեռ չեն ստեղծվել։
Խնդրի լուծումը նախկին նախարարը տեսնում է դաշնակիցների օգնությամբ իրական հավասարակշռության ձևավորման մեջ, որի դեպքում երկրի վրա ճնշումն անհնար կլիներ։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:
ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով