ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Երուսաղեմի սրբավայրերն ապրիլի 9-ին իրենց դռները կբացեն այցելուների և աղոթքների համար: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության ներկայացուցչին։
«Երուսաղեմի շրջանը պատրաստ է սուրբ վայրերի բացմանը պաշտպանական քաղաքականության փոփոխությունների և թիկունքի հրամանատարության նորացված ցուցումների լույսի ներքո, սկսած վաղվանից ՝ 2026 թվականի ապրիլի 9-ի առավոտից, Երուսաղեմ քաղաքի Սուրբ վայրերը կվերաբացվեն այցելուների և աղոթքների համար»,- ասվում է ոստիկանության ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշվում է, որհարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն ամբողջ Երուսաղեմում, հիմնական մայրուղիների երկայնքով, հին քաղաքում և սուրբ վայրերում անվտանգության և հասարակական կարգի պահպանման նկատառումներից ելնելով, հայտնել են ոստիկանությունում։
«Սպասվող կուտակումների կապակցությամբ հանրությանը խնդրում ենք հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին, ցուցաբերել համբերություն և զգոնություն կասկածելի իրերի նկատմամբ, ցանկացած խնդրի մասին հայտնել ոստիկանության թեժ գծին», – նշել են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելի իշխանությունները կարգադրել էին փակել Երուսաղեմի բոլոր սրբավայրերը։
Այդ ֆոնին մարտի 30-ին Երուսաղեմի Լատինական Պատրիարք կարդինալ Պիերբատիստա Պիցաբալին թույլ չեն տվել մտնել Տիրոջ Գերեզմանի տաճար՝ Ծաղկազարդի կապակցությամբ տոնական ժամերգություն անցկացնելու համար: Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնորդները դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները: Իսրայելի նախագահն ու վարչապետը ստիպված են եղել հանդես գալ պարզաբանումներով։ Նրանք վկայակոչել են քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ հոգևոր առաջնորդներին կթույլատրվի այցելել Տիրոջ Գերեզմանի տաճար: