Երկաթուղային հաղորդակցություն և ոչ միայն․ ի՞նչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբաևի հետ

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին։
«Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։
Երմեկ Կոշերբաևն իր հերթին նշել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP–ինև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով: Այսօր արդեն իսկ տեղի է ունեցել Միրզոյան-Կոշերբաև առանձնազրույցը, որին հետևել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը։