ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի հետ կապերի խզումը հղի է վտանգավոր հետևանքներով։ Այս մասին ԲԿՀ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն կատարելու մասին Sputnik Արմենիայի հարցին` նա հիշեցրեց ՌԴ–ի դերը հայկական տնտեսության զարգացման գործում։
«Ասելով չի, դե թող մի մեքենա ապրանք տանեն Եվրամիություն։ Ռուսաստանը 100 տարվա մեր գործընկերն ու դաշնակիցն է, մենք այնտեղ ունենք 3 մլն հայություն, ամսական Հայաստան է գալիս 180 մլն տրանսֆեր։ Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, ՌԴ-ում ապրող, բայց գրանցում չունեցող մոտ 500 000 հայն էլ գան Հայաստան, գազի գինն էլ եթե դառնա 800 դոլար (այժմ 177 դոլար է -խմբ․), ի՞նչ է կատարվելու»,- ասաց Ծառուկյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։ Եվ եթե գյուղացին զրկվի այդ հնարավորությունից, տնտեսությունը կկործանվի։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել: