ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
«Մեր արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ Իրանի ԱԳՆ-ն չի ներկայացրել։
Նախորդ անգամ նախարարները շփվել են ապրիլի 5-ին։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։