ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօր Սպիտակ–Վանաձոր ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 15:59-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան, «VAZ»–ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ shamshyan.com–ի` ևս 2 հոգու տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով` «DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։