ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թուրքիան Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկսվելուց ի վեր վաճառել և փոխանակել է մոտ 20 մլրդ դոլարի ոսկի, ինչը ազդեցություն է ունեցել մետաղի համաշխարհային գների վրա։ Այս մասին հայտնում է «The Financial Times» թերթը:
«Թուրքիայի կենտրոնական բանկը փետրվարի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում վաճառել է 52 տոննա ոսկի, ինչպես նաև իրականացրել է ևս 79 տոննայի փոխանակման գործառնություններ, ինչը ընթացիկ գներով կազմում է ընդհանուր առմամբ մոտ 20 մլրդ դոլար», – ասվում է հրապարակման մեջ:
FT-ի տվյալներով՝ Կենտրոնական բանկի ոսկու զուտ պահուստները կրճատվել են մինչև 440 տոննա, ինչը ավելի քան երկու տարվա նվազագույն մակարդակն է։ Միաժամանակ վաճառքներն ու փոխանակումները շուկայում ավելացրել են առաջարկը, որը դարձել է ոսկու գների անկման գործոն. անցյալ ամիս մետաղն էժանացել է 11,5 %-ով՝ գրանցելով վերջին 18 տարվա վատագույն դինամիկան:
Նշվում է, որ Թուրքիան միակ երկիրը չէ, որը վերանայում է պահուստների կառավարման ռազմավարությունը. գլոբալ անկայունության ֆոնին ֆինանսական կայունության ամրապնդման համար մի շարք պետություններ դիտարկում են նաև ոսկու վաճառքը: