Խելացի սահմանների կառավարում․ ի՞նչ թվային ծրագրեր ունի ՊԵԿ-ը

Հայ–իրանական սահման. Արխիվային լուսանկար
ՊԵԿ-ը թվանշային համակարգ է ձևավորել բեռնատարների հերթերը կառավարելու համար, ինչը կկրճատի անցակետում սպասելու ժամանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն թվային տեխնոլոգիաների կիրառմամբ տարբեր ծրագրեր է մշակում ցամաքային սահմաններին բեռների անցանելիությունն ավելի հեշտ ու առանց հերթերի կազմակերպելու համար։ Այս մասին Երևանում մեկնարկած «Doing digital forum 2026»-ի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Այս պահին միասնական էլեկտրոնային հարթակ ենք մշակում, որը կկարողանա կառավարել ցամաքային բոլոր անցակետերի գործառույթները, կոնսոլիդացնել գիտելիքը և տվյալների բազաների միջև ապահովել անխոչընդոտ ինտեգրումը։ Էլեկտրոնային համակարգ ենք ներմուծելու բեռների կառավարման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Այսինքն՝ մինչ բեռը կհասնի սահման, մենք դրանց մասին կիմանանք անհրաժեշտ տեղեկությունը։ Թվանշային համակարգ ենք ձևավորել բեռնատարների հերթերը կառավարելու համար, ինչը կկրճատի անցակետում սպասելու ժամանակը»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը պլանավորում է նաև շարժունակության նոր համակարգ ստեղծել, որն ավտոմատ կերպով կհայտնի բեռնատարի քաշն առանց դրա կանգ առնելու։ Արհեստական բանականության (ԱԲ) աջակցությամբ ռենտգեն ժամանակակից սարքեր են պլանավորում օգտագործել, գործիքներ կլինեն, որոնք ավտոմատ կերպով կորոշեն ռիսկերը, թույլ կտան առանց կոնտակտի ստուգում իրականացնել։ Ըստ Հակոբյանի՝ այս ամենը զգալիորեն կարագացնի սահմանին ապրանքների փոխադրումը։
ՊԵԿ նախագահի պնդմամբ՝ սահմաններին խելացի սարքեր են տեղադրվելու՝ իրական ժամանակում մեքենաների թվանշային հետևելիություն կապահովեն։
Նրա խոսքով՝ այս ամենը թույլ կտա միջազգային մակարդակի ծառայություններ մատուցել ամբողջ բեռնափոխադրումների համար։
«Դա վերաբերում է նաև TRIPP-ի ճանապարհին»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025թ–ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: