ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան):
«Իսրայելը պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին՝ պայմանով, որ Իրանն անմիջապես կբացի նեղուցները և կդադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների ուղղությամբ»,- Times of Israel-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի այն քայլերին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի կասեցմանը, որն իբրև թե գալիս է Իրանից:
«Միացյալ Նահանգներն Իսրայելին հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հավատարիմ է մնալու այդ նպատակներին հասնելուն, որոնք ընդհանուր են ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցների համար»,- հայտնում է Նեթանյահուի գրասենյակը:
Հավելենք, որ հայտարարության համաձայն՝ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:
Նշենք, որ Ալ Հադաթ հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հրադադարի մասին հայտարարությունից հետո Լիբանանի հարավում Իսրայելը հարվածել է շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ։