ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Երևանի քաղաքապետի հոր՝ Արմեն Ավինյանի բողոքը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայց էր ներկայացրել դատարան և հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին: Նա 2025 թվականի օգոստոսին էր դիմել Վերաքննիչ դատարան՝ չհամաձայնելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ։
«Ամիսներ տևած դատաքննությունից հետո, օրեր առաջ Վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է և մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց հոր պահվածքի համար։