ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի սոցիալ–տնտեսական բաժինը։ Ծրագիրը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Գործելու է ներմուծման փոխարինում։ 2021 թվականին, երբ թուրքական ապրանքների վրա արգելք դրվեց, տեղական արտադրողը սկսեց զարգանալ։ Այսինքն` մենք աջակցություն ենք ցուցաբերելու տեղական արտադրողին՝ շահութահարկը և ԱԱՀ-ն կչեղարկվեն ներմուծման փոխարինման համար։ Այդպիսով մրցունակություն կապահովվի մեր ռազմավարական ճյուղերում՝ գյուղատնտեսություն, գյուղմթերքի մշակում, տեքստիլի արդյունաբերություն և այլն։ Փոքր բիզնեսների վճարած հարկերը 100%-ով կվերադարձնենք՝ ներմուծելով հարկային վերադարձի քաղաքականություն»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ փոքր բիզնեսներին խոշոր և թիրախային աջակցություն նույնպես լինելու է, այդ թվում` ֆինանսական տեսքով։ Հայկական ապրանքների արտահանման համար էլ մեծ աջակցություն և խորհրդատվություն կտրամադրվի, որպեսզի աշխարհագրությունն ընդլայնվի։ Ըստ Խաչատրյանի՝ ավելի քան 350 000 չաշխատող մարդու համար սպառողական վարկերը լուրջ պրոբլեմ են դարձել, և նրանք ԴԱՀԿ-ի պոտենցիալ «զոհերն» են։ Վստահեցրեց՝ այսուհետև տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում կլինի ներդրումներ անելու համար։
Ինչ վերաբերում է բանկերի «սև ցուցակներում» ընդգրկված անձանց, ապա պատրաստվում են իրականացնել ցածր և միջին ռիսկայնության վարկունակության բնութագրիչների վերանայում։
Ծրագրի մեկ այլ հատված էլ ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա հայտնեց, որ իրենք պատրաստվում են նաև բնապահպանական ներդրումներ անել, ընդլայնել անտառների և ջրային պաշարների ֆոնդը, զարգացնել ազգային պարկերը, ունենալ կանաչ և կայուն տնտեսություն։
«Այս ամենի հետ մեկտեղ մենք պատրաստվում ենք բնակչության համար արժանապատիվ աշխատանք ապահովել՝ տրամադրելով արժանապատիվ վարձատրություն։ Այսպիսով պետությունն էլ կունենա տեսանելի հեռանկարներ և զարգացում։ Լինելու է պետություն, որտեղ մարդն իրեն մարդ է զգում։ Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսապահովման զամբյուղին, բազային կենսաթոշակն աճելու է առնվազն 50 տոկոսով, ձմռանն ամբողջությամբ փոխհատուցվելու է միայնակ թոշակառուների, ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի/հոսանքի դիմաց վճարումները։ Մեր ծրագրով` տաքսու վարորդների ու հողագործությամբ զբաղվող գյուղացու աշխատանքը համարվելու է ստաժ»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ նպատակ ունեն էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն իջեցնել, 2026 թվականի համար նախատեսված գույքահարկի բարձրացումը չեղարկվելու է, իսկ 2025-ի բարձրացված գույքահարկի համար կգործի 50 տոկոս զեղչ։
Ըստ ծրագրի՝ համատարած հայտարարագրման համակարգը կչեղարկվի։ Մինասյանը վստահեցրեց՝ այս ամենը կհանգեցնի պաշտպանված ընտանիքներ, կայուն ժողովրդագրություն ունենալուն, ինչպես նաև կապահովվի հայրենադարձության աճ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։