ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թեհրանը պատրաստ է հարվածներ հասցնել, որոնք դուրս կգան Մերձավոր Արևելքի սահմաններից և ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Մենք այնպիսի աշխատանք կկատարենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթակառուցվածքների հետ, որ նրանք տարիներ շարունակ կզրկվեն տարածաշրջանային նավթից և գազից։ Ամերիկայի տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար մենք մինչ օրս շատ զգույշ ենք եղել և թիրախներ ենք ընտրել նմանության հիման վրա (Իրանում հարվածի ենթարկվողների հետ. խմբ.), բայց այսուհետ այս հարցի վերաբերյալ բոլոր նկատառումները հանվում են», - ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն հատի «կարմիր գծերը», Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: