ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին հարվածելու որոշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդն Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»։ Նա կոչ էր արել բացել Հորմուզի նեղուցով երթևեկությունը` հակառակ դեպքում իրանցիներին խոստանալով, որ «կապրեն դժոխքում»։ Թեհրանը հայտարարել էր, որ վճռական պատասխան կտա, եթե Վաշինգտոնն իրականացնի իր սպառնալիքները։
«Եթե նախագահը տեսնի, որ գործարքի հետ կապված առաջընթաց կա, նա, հավանաբար, կհետաձգի (հարվածները – խմբ.)», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած նախատեսված հարվածները հետաձգելու հնարավորությանը՝ պաշտոնյան պորտալին տված մեկնաբանության մեջ թերահավատություն է հայտնել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: