Բաղդադում առևանգված ամերիկացի լրագրողուհին ազատ է արձակվել. «Shafaq News»

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորումը նրան պահում է Բաղդադից 64 կմ հեռավորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Իրաքում առևանգված ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնն ազատ է արձակվել շիա «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորման կողմից, որը մեղադրվում է նրան առևանգելու մեջ: Լուրը հաղորդում է «Shafaq News»-ը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։
Նշվում է, որ լրագրողուհին պետք է «անհապաղ լքի երկիրը»։
Քիթլսոնին մարտի 31-ին առևանգել էին քաղաքացիական հագուստով չորս տղամարդ և տարել ավտոմեքենայով. նրանք ենթադրաբար տեղական զինված խմբավորման ներկայացուցիչներ էին: Լրագրողը համագործակցել է բազմաթիվ լրատվական գործակալությունների, ինչպես օրինակ՝ «Politico», «Foreign Policy» և «Al-Monitor» պարբերականների հետ։ Միջադեպից անմիջապես հետո ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները օպերատիվ կերպով համակարգել են իրենց գործողությունները պատանդի անվտանգությունն ապահովելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախապես զգուշացրել է Քիթլսոնին անվտանգության սպառնալիքների մասին և աշխատում է հնարավորինս շուտ հասնել նրա ազատ արձակմանը:
ԱՄՆ պետքարտուղարի գլոբալ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Դիլան Ջոնսոնը «X» սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել. «Իրաքի իշխանությունները ձերբակալել են իրանամետ «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորման հետ կապ ունեցող մարդու, որը ենթադրաբար ներգրավված է եղել առևանգմանը»:
Իրաքի իշխանությունները ենթադրում էին, որ լրագրողուհու առևանգումը կապված է խմբավորման՝ ամերիկյան հնարավոր ավիահարվածներից իր օբյեկտները պաշտպանելու փորձերի հետ:
Երկար ժամանակ Քիթլսոնը լուսաբանել է Իրաքի զինված խմբավորումներին, Իրաքի-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող թեմաներ: