ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին էական է, բայց դեռևս բավարար չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ իր պատասխանը Պակիստանին է ներկայացրել։ Թեհրանը 10 կետից բաղկացած պատասխանում մերժել է հրադադարի հնարավորությունը ՝ հայտարարելով մշտական հիմունքներով հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին:
«Այն (Իրանի պատասխանը. խմբ.) բավականաչափ լավը չէ», – լրագրողներին ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հիմար է անվանել այն ամերիկացիներին, որոնք քննադատում են Իրանի դեմ շարունակվող ռազմական արշավը:
«Հուսանք, որ դա կարող է արագ ավարտվել։ Բայց կրկին կան շատ այլընտրանքներ, մենք ունենք շատ այլընտրանքներ: Մենք կարող ենք հեռանալ հենց հիմա, և նրանցից 15 տարի կպահանջվի քանդվածը վերակառուցելու համար։ Մենք կարող էինք հեռանալ հենց հիմա, սակայն ես ուզում եմ ավարտել դա։ Պատրա՞ստ եք: Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: